10 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը դատապարտել է Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքը

Բլինքենը դատապարտել է Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ ցեղասպանության վերաբերյալ հայց ներկայացնելը․ այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Թել Ավիվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ հայցը շեղում է աշխարհը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների անվտանգության ապահովման, Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծում գտնելու և հակամարտությունների տարածման կանխումն ապահովելու ջանքերից: Ավելին, ցեղասպանության մեղադրանքն անարդար է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հարկ է նշել, որ Բայդենի վարչակազմը կոշտ դիրքորոշում է որդեգրել Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքով հայցի առնչությամբ։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նույնպես հունվարի 3-ին հայցն անվանել է «անարդար»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ հայց է ներկայացրել  Արդարադատության միջազգային դատարան՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու համար՝ պահանջելով Գազայում Իսրայելի գործողությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»: Սպասվում է, որ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի վերաբերյալ լսումները տեղի կունենան հունվարի 11-12-ին։