21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ

Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ

Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիայի հետ, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:

Նախարարության մամուլի ծառայությունից նշեցին, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։

«Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները», – նշված է պատասխանում։

Վերոհիշյալ պայմանագրի և նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների տևողությունը 16 ամիս է։

Հայկական կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս առաջացել է մոտ 400 հա մակերեսով կղզի: Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ պատվար՝ գետի ջրերը նախկին վերադարձնելու համար: