Իսրայելը չի ավարտի ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմն առանց Եգիպտոսի հետ Գազայի սահմանին վերահսկողություն հաստատելու
Մենք պատերազմը չենք ավարտի առանց Եգիպտոսի հետ սահմանի վերահսկողությունը վերցնելու. ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Հակառակ դեպքում մենք չենք ոչնչացնի ՀԱՄԱՍ-ը, չենք ապառազմականացնի Գազան: Ակնհայտ է, որ մենք պետք է այն փակենք: Կան մի քանի տարբերակներ, դեռ որոշում չենք կայացրել»,-ասել է նա:
The Wall Street Journal-ը հայտնում է, որ Իսրայելը Եգիպտոսին տեղեկացրել է ռազմական գործողություն սկսելու պլանների մասին՝ վերահսկելու Ֆիլադելֆիայի միջանցքը` 14 կիլոմետրանոց ցամաքային հատված, որը որպես անվտանգության գոտի է ծառայում Եգիպտոսի և Գազայի միջև սահմանին: Վերջնական որոշումը դեռ կայացված չէ և մեծապես կախված է Եգիպտոսի իշխանությունների հետ բանակցություններից։