Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոս ժամանելուն պես հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։ Նրանք քննարկել են «շատ կարևոր հարցեր», ներառյալ իրավիճակը մարտադաշտում և Կիևի պաշտպանական կարիքները. այս մասին ասել է Զելենսկին։
Մյուս թեմաները, նրա խոսքով, ներառում էին Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի հետագա ամրապնդումը, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստումը Վաշինգտոնում, ինչպես նաև G7-ի շրջանակում աշխատանքը երկկողմ անվտանգության պայմանագրերի շուրջ, որոնք պետք է ուժի մեջ լինեն մինչև Ուկրաինան միանա դաշինքին:
«Շնորհակալություն ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում մեր պետությանը հաստատակամ աջակցության համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ում։
Դեկտեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ մարտադաշտում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ստոլտենբերգը դաշնակիցներին հորդորել է դիտարկել երրորդ երկրների հետ գոյություն ունեցող համաձայնագրերի փոփոխության հարցը՝ Ուկրաինային ավելի շատ ռազմական տեխնիկա տրամադրելու համար։ Կիևը կոչ է անում արևմտյան դաշնակիցներին ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգերի և զինամթերքի մատակարարումները նրանց համար: