13 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Փյունիկի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Սոչի»

«Փյունիկի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Սոչի»

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղափոխվում է ռուսական «Սոչի»․ այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառաթյունը: Հարությունյանը խաղացել է երևանյան ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում:

Հարությունյանը 2021 թվականին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝  օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում ունեցավ «Փյունիկի» եվրագավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակը եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրագավաթներում հատկապես փայլեց արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատեց 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում «Փյունիկի» սանը գրանցեց անձնական ռեկորդ ու անցկացնում էր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում:

Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով: