Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել ՌԴ-ում ՀՀ դեսպանի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինի հանդիպումից:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Հունվարի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծեց ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ»: