
Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ գործադիր մարմնի
անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Որքան էլ որ հայրենի
Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն
Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու:
Աջ ու ձախ խոսում են
«ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից,
միևնույն է, արտաքին ներդրումներ չեն գալիս Հայաստան:
Իսկ ո՞վ կբերի, ներդրում
կանի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի:
Ո՞վ է երաշխավորելու
ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն,
և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական
ռիսկերի մասին:
Ո՞վ կվստահի իր ներդրումները
մի կառավարության, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի,
տեղից տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող:
Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ
ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում
երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը:
Ո՞վ է այն անխելք ներդրողը,
որը կհավատա մի կառավարության, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին
հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում:
Խոշոր բիզնեսը և հատկապես
արտաքին ներդրումները ցանկանացած պետության զգայուն ոլորտներից են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական
արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝
չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող
իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար:
Հայկական «ժողովրդավարության»
փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն
իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն սեփական շահերի համար՝ բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին:
Հայաստանում և Արցախում
տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապեսէ
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի
գործընկերային հարաբերությունների պարագայում:
Արտաքին բիզնեսի համար այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում
է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում, բացի ֆինանսական
շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորտների զարգացմանն
են ծառայել կամ ծառայում»: