06 Հուն
2025
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատված. խցանումները կնվազեն

Երևանում կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատված. խցանումները կնվազեն

Ասիական զարգացման բանկը Հայաստանին 60 միլիոն 90 հազար եվրո վարկ կտրամադրի, որը կուղղվի Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը հայտարարեց, որ ճանապարհահատվածը միմյանց կկապի Երևանի մի շարք վարչական շրջաններ՝  իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր ու նվազեցնելով խցանումները։

Ծրագիրը կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30-ին։ Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1,9 կմ:

«Ճանապարհահատվածը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։ Ճանապարհը բաղկացած կլինի 6 երթևեկելի գոտուց»,- նշել է փոխնախարարը։

Աշխատանքները ներառելու են Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որով կապահովվի մուտքը Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կկառուցվի երկաթբետոնյա հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կկառուցվի շրջանաձև երթևեկության ճանապարհային հանգույց՝ թունելային անցմամբ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այս  ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված ու բոլոր տեսակի ուսումնասիրություններ անցած նախագիծ է։

«Այն էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում, մասնավորապես, որոշակիորեն կբեռնաթափվի Հաղթանակ կամուրջը և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ»,- նշել է նա։

Ըստ Ավինյանի՝ այս ճանապարհի կառուցմամբ ներդրողներին հնարավորություն կտրվի Նորագյուղը դիտարկել որպես նոր ներդրումային հնարավորություն։

«Վստահաբար, մենք ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որը կներկայացնենք կառավարությանն ու հանրությանը»,- ասել է քաղաքապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս ճանապարհի կառուցումը ներդրումային բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծելու։