26 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Տիրան Խաչատրյանի փոխարեն մերձիշխանական մարդ լիներ, ավելի մեղմ մոտեցում կցուցաբերեին․ պաշտպան

Եթե Տիրան Խաչատրյանի փոխարեն մերձիշխանական մարդ լիներ, ավելի մեղմ մոտեցում կցուցաբերեին․ պաշտպան

Տիրան Խաչատրյանի նկատմամբ տարբերակված մոտեցման պնդումները հիմնված են այլ հանրային գործերի հետ համեմատականների վրա, որտեղ միջադեպի մասնակիցը կամ ենթադրյալ հանցագործության հեղինակը իշխանությանը ծառայություններ մատուցող մարդ է․ ABC media-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Համեմատականներ անցկացնենք, թե երբ իշխանամերձ որևէ անձ փողոցում օրը ցերեկով այլ անձի ոտքին է կրակում, իր խափանման միջոցի ընտրության հարցին ինչպես է վերաբերվում դատարանը, և  երբ օրինակ ընդդիմադիր կամ քննադատական հայացքներ ունեցող անձ հայտնվում է որևէ միջադեպի մեջ, իր նկատմամբ ինչպես են կիրառվում խափանման միջոցի վերաբերյալ կանոնները»,-ասել է նա։

Փաստաբանի համոզմամբ՝ եթե Տիրան Խաչատրյանը չլիներ գեներալ-լեյտենանտ, որը պատերազմից ի վեր խիստ քննադատության է ենթարկում իշխանություններին, անպայման ավելի մեղմ խափանման միջոց կընտրվեր։

«Ավելին, տարբերակված մոտեցման մասին խոսում է ոչ միայն կիրառված կալանքը, այլև այն հանգամանքը, որ միջադեպից անմիջապես հետո իշխանամերձ լրատվական կայքերի ձեռքում հայտնվում են այնպիսի տեղեկություններ, որոնց կարող էին տիրապետել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները։ Երբ հյուրանոցում, որտեղ ոստիկանները ժամանեցին և ձերբակալեցին Խաչատրյանին, որտեղ ես գտնվում էի նրա հրավերով, մինչև Ջրվեժից հասանք Աբովյանի ոստիկանության բաժին, կադրերն արդեն հայտնվել էին այդ լրատվականների ձեռքում և հրապարակվել էին։ Տեսե՞լ եք, որ որևէ մերձիշխանական անձի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ էդպիսի ռելիզներ պատրաստվեն և այդ լրատվական կայքերը ձեռք բերեն այդպիսի օպերատիվ տեղեկություններ ու հրապարակեն»,-հարցրեց Հարությունյանը։

Նա նշեց, որ տարբերակված մոտեցման մասին խոսում է նաև այն փաստը, որ որոշ ցուցմունքների սղագրություններ չեն համապատասխանում նույն անձանց տեսաձայնագրված ցուցմունքներին։