ՆԱՏՕ-ն սկսում է Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունները
Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր սկսում է Steadfast Defender 2024 զորավարժությունները, որոնց կներգրավվի շուրջ 90 հազար ծառայող, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Վարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները և դաշինքին միանալու հայտ ներկայացրած Շվեդիան։ Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի վերջ, կընդգրկեն Եվրոպայի տարածքը Նորվեգիայից մինչև Ռումինիա։
Ըստ dpa գործակալության, Steadfast Defender վարժանքների սցենարը Ռուսաստանի հարձակումն է դաշնակիցների տարածքի վրա, որի դեպքում գործի է դրվում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը: Վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունը համարվում էր Trident Juncture-ը, որին 2018 թվականին մասնակցել էր ավելի քան 50 հազար զինվորական։ Steadfast Defender 2024-ի հետ համադրելի վերջին զորավարժությունը ՆԱՏՕ-ն անցկացրել է 1988 թվականին, որին մասնակցել է ավելի քան 125 հազար զինվորական։
Steadfast Defender 2024-ին ներգրավված կլինի ավելի քան 50 նավ, նաև՝ ավիակիրներ, ավելի քան 80 կործանիչ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք, առնվազն 1100 մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ: