23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գուցե մտավորական էլիտան էլ չկա՞․ Անի Ղազարյան

Գուցե մտավորական էլիտան էլ չկա՞․ Անի Ղազարյան

Թատրոնի և կինոյի դերասանուհի Անի Ղազարյանի հետ անմիջական զրույց
ենք ունեցել ընտանիքի, մասնագիտական գործունեության և շատ ու շատ այլ հարցերի շուրջ:
Ապրել խաղաղ հայրենիքում՝ սիրելի ընտանիքի հետ, ապրել ստեղծագործելով՝ ոչ միայն թատրոնի
կամ կինոյի ոլորտում. ահա Անի Ղազարյանի ցանկությունների գուցե ոչ լրիվ, բայց ամենակարևոր
ցանկը…

– Երեխաները պե՞տք է իմանան, թե իրենց երկրում ինչ է կատարվում,
և ինչպե՞ս պետք է նրանց այդ մասին տեղեկացնել։

-Երեխաները շատ զգայուն են և ցանկացած փոփոխություն իրենք տեսնում
են իմ ու Մհերի մեր հույզերի, մեր ուրախությունների, մեր զգացմունքների միջոցով։ Արցախյան
վերջին իրադարձությունների ժամանակ տեսանյութ էի նայում․  հայրը, մայրը և անչափահաս
երեխաները՝ 3-4 տարեկան, ավտոմեքենայի մեջ էին գիշերել։ Հուզված նայում էի, փոքր աղջիկս
մոտեցավ, հարցրեց՝ ինչի՞ եմ լացում։ Փորձեցի զգուշ բացատրել, որ լիքը մարդիկ ստիպված
թողել են իրենց տները, բալիկներն իրենց խաղալիքներն են թողել, իսկ հիմա ոչ տուն ունեն,
ոչ մնալու տեղ։ 4 տարեկան է աղջիկս, մի պահ լրջացավ ասաց, որ «կասսի» մեջ փող ունի,
տանք, թող ինչ-որ տեղ մնան։ Ես հասկացա, որ առայժմ չեմ սխալվել իրենց մեջ ճիշտ արժեքներ
սերմանելու հարցում։ Փորձում եմ շատ զգույշ մոտենալ այս հարցերին՝  ամեն դեպքում
իրենք երեխա են և պետք չի իրենց շատ տրավմայի ենթարկել, բայց պետք չէ նաև ամեն ինչ
թաքցնել։

-Մշակույթի՝ մասնավորապես արվեստի դերը ո՞րն է երկրի համար դժվար
իրավիճակներում։

-Արվեստի դերը միշտ շատ բարձր է եղել, բայց հիմա ուրիշ ժամանակներ
են։ Մենք անընդհատ մեղադրում ենք մեր մշակութային գործիչներին, մտավորականությանը,
որ իրենք լռում են, իրենք չեն բարձրաձայնում շատ խնդիրներ։ Իսկ մտածել եք գուցե այդ
մտավորական էլիտա ասվածը էլ չկա՞։ Գուցե այն մարդիկ, ում խոսքը լսում էին, որի հետ
հաշվի էին նստում, էլ չկան, մենք հորինել ենք որ իրենք դեռ կան․․․

-Իսկ ինչպե՞ս տարբերակել այն մշակութային գործչին, ում ասածն արժեք
ունի։

-Կարելի է թվել մի քանի արվեստագետի, մի քանի հանրային գործչի,
ովքեր ունեն հանրային ճանաչում, բայց եթե համեմատես խորհրդային տարիների, անկախության
առաջին 10-20 տարիների հետ, տարբերությունը շատ մեծ է։ Պատկերացրեք, եթե Ֆրունզիկ Մկրտչյանը,
Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը հիմա կանգնեին ու խոսք ասեին․․․ Ինքս դերասանուհի
եմ, մշակույթի մեջ եմ,  չեմ ուզում վիրավորել, որևէ մեկին, բայց ուզած- չուզած
սկսում ես համեմատել, և երբ ասում են մշակութային գործիչ՝ ակամա այդ մարդկանց ես հիշում։
Գուցե արժեքնե՞րն են փոխվել, և մարդիկ էլ չեն մտածում, ինչպես մեր մեծերը։

-Արցախի կորստից քիչ ժամանակ է անցել, բայց այդ մասին արդեն քիչ
է խոսվում։ Զարմանալի չէ՞ դա արդյոք և ինչի՞ հետ է կապված։

– Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ վերջին տարիներին մեր երկրում
ցանկացած վատ իրադարձության արձագանք շատ քիչ է տևում, որովհետև միանգամից հաջորդում
է նոր վատ իրադարձությունը, որն էլի մարդիկ վերապրում են մեկ շաբաթ, 10 օր։ Ես չեմ
ասում, որ ցավը անցնում է, վերքերը լավանում են, չէ,՛ բայց մեզ ստիպեցին, որ մենք չափից
դուրս համակերպվող լինենք։ Հիմա ամեն ինչի հետ համակերպվում ենք․ համակերպվեցինք մեր
5000 տղաների կորստի հետ, համակեպվեցինք կապիտուլյացիայի հետ, ու այդպես կարելի է հերթով
թվել։ Հիմա էլ կամաց-կամաց, շատ ցավով եմ դա ասում, բայց համակերպվում ու շարունակում
ենք ապրել, առանց Արցախի։

-Մեզ մոտ իշխանություն և ոչ կոմպետնտություն հասկացությունները
զուգահեռ են գնում, ի՞նչ անել, որ այդ ձևավորված կարծիքը փոխվի։ Հավատո՞ւմ ես, որ կգա
իշխանություն, որը կլինի հայամետ, կսկսի կառուցել նոր Հայաստան, կամ կփրկի այն՝ ինչ
ունենք։

– Եթե այդ հույսը չլինի, դժվար կլինի ապրել․ ես հավատում եմ դրան։
Առայժմ ոչ մի շարժ չկա, բայց ես չեմ ուզում այդ միտքը բաց թողնել։ Այո՛, մի օր կգա
հայամետ, հայրենասեր մեկը՝ ով կլինի ոչ թե ռուսաստանամետ, արևմտամետ այլ՝  հենց
հայամետ։

-Երևի ցավալի հարց տամ, իրավիճակն այնպես է ամբողջ աշխարհում և
մեր տարածաշրջանում, որ կարող են լինել նաև վատ սցենարներ, արդյոք այդ մասին մտածե՞լ
ես և ունես պլան բ։

-Ես չեմ ուզում լքել այս երկիրը։ Ո՞ւմ թողնեմ։ Դա է չէ՞ պլան բ-ն։
Այս մի տարին մասնագիտական առումով բավականին պասիվ է, մտածելու ավելի շատ ժամանակ
ունեմ։ Պլան բ-ի վախն, իհարկե, կա․ ի՞նչ ես անելու, եթե ամեն ինչ շատ վատ լինի․․․ Հետո
մտածում եմ, իսկ ո՞ւմ եմ թողնելու այս երկիրը, այս քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել
եմ, որտեղ ամեն ինչ քոնն է։ Այդ պահին ավելի սուր ես զգում, թե ինչքան դժվար է եղել
Արցախի մեր հայրենակիցների համար, թողնել այդ ամենն ու դուրս գալ։ Այդ ամենը ստիպեց
մտածել, որ մենք էլ կարող ենք մի օր թողնել այս ամենն ու հեռանալ։ Չեմ ուզում մտածել
այդ մասին, որովհետև ուրիշին թողնելու երկիր չունեմ։ Թեկուզ ոչինչ չկարողանանք անել,
ուղղակի պետք է չգնալ, պետք է ապրել այս երկրում։