
Մեր անվտանգային խնդիրները շատ են, ԱԱԾ-ն դրանցով պետք է զբաղվի, ոչ թե Հայ Դատի պաշտպանների մուտքը ՀՀ արգելելով. Արծվիկ Մինասյան
Վարչական դատարանն օրերս բավարարել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ըննդեմ ԱԱԾ–ի։ Դատարանը պահանջել է վերացնել նրանց՝ Հայաստան մուտք գործելու արգելքը, որը դրվել է 2022 թվականից։
«Եթե ԱԱԾ–ն ողջախոհություն դրսևորի և չբողքարկի, ապա որոշումն ուժի մեջ կմտնի և կա՛մ կամավոր, կա՛մ հարկադիր կկատարվի դատարանի պահանջը»,-այս մասին ABC Media–ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը։
Պատգամավորը հույս հայտնեց, որ ԱԱԾ–ն կհանի այս մարդկանց անունները անցանկալի անձերի ցուցակից, և վերջիններս կկարողանան գալ հայրենիք։
«Եթե ԱԱԾ–ն կբողոքարկի, ապա բնականաբար որոշումն ուժի մեջ չի մտնի, այլ Վճռաբեկ դատարանում նորից պետք է իրականացվի գործի քննությունը։ Դրանից հետո որոշվում է հետագա ընթացքը»,-նշեց Մինասյանը։
Նա ԱԱԾ աշխատակիցներին հորդորեց պայքարել ոչ թե իրավունքի դեմ, այլ իրավունքի համար։
«Մեր ազգային անվտանգության, մեր երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրներն այնքան բազմաթիվ են ու բազմազան, որ մեր քաղաքացիների, մեր պետության, մեր պետականության իրավունքի պաշտպանությունը և հանուն դրա գործելը պահանջում է, որ ավելի խորքային հարցերի մասին քննարկումներ իրականացնենք, այլ ոչ թե Հայ Դատի պաշտպանների մուտքը սահմանափակելու մասին»,-ասաց պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը հիշում է՝ էլի են եղել դեպքեր, երբ որոշ հայերի մուտքը Հայաստան արգելված է եղել։
«Եղել են դեպքեր, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակահատվածում հատկապես, ոչ միայն արգելվել է, այլ նաև Persona non grata հայտարարելով պահանջ է դրվել Հայաստանը լքելու։ Նաև նախորդ նախագահների ժամանակ են եղել, բայց ոչ Հայ դատի գրասենյակի աշխատանքների մեջ ներգրավված մարդկանց մասով։ Ո՛չ Ռոբերտ Քորարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ նման դեպքեր չեն եղել»,-պնդեց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ նույնիսկ հայ–թուրքական արձանագրությունների ժամանակ, երբ կատաղի պայքար էր գնում Սերժ Սարգսյանի առաջ քաշած առաջարկների դեմ, երբեք չի եղել սփյուռքահայ պայքարող մարդու մուտքը Հայաստան արգելափակելու խնդիր:
«Այլ հիմնավորումներով և այլ պատճառով եղել են տարբեր մարդիկ, որոնք կոնկրետ մեղադրանքների կամ կասակածների տակ են եղել, բայց ոչ երբեք հայրենիքի, պետության դիրքերը պաշտպանող և հատկապես նախագահի կամ երկրի ղեկավարի անձը քննադատելու պատճառաբանությամբ անձի մուտքը արգելել երկիր։ Այս իշխանության բոլոր այն պնդումները, թե իբր Հոլանդիայում կամ Ֆրանսիայում կամ որևէ այլ երկրում իրենց մեքենաների նկատմամբ մեր հայրենակիցները անհարգալից են վերաբերվել, որևէ կերպ իրավունք չի տալիս նման որոշումների համար։ Ավելին՝ նշված երկրներում անգամ որևէ իրավական վարույթ չկա, որ ակցիա է իրականացվել ու ինչ–որ մեկը վարչական իրավախախտում է թույլ տվել»,-ասաց նա։