Շվեդիայի միանալն ուժ կհաղորդի ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի պատրաստակամությունը՝ հավանություն տալու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Ողջունում եմ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա կառավարության աջակցության հստակ ուղերձը: Հուսով եմ՝ Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին», -ասել է կառույցի գլխավոր քարտուղարը՝ տեղեկացնելով, որ Օրբանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում էլ վերջինս հաստատել է վավերացնելու մտադրությունը։
Ստոլտենբերգը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ դաշինքին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար։
«Շվեդիայի միանալը ուժ կհաղորդի ամբողջ դաշինքին», – հայտարարել է Ստոլտենբերգը: