Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների հարցին և նշել, որ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։
«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ուներ իր մոտ՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։
Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը, հարցաքննելով Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, պատրաստել է նոր քարտեզներ՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու համար։
Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից անմիջապես արժանացավ խիստ բացասական և հեգնական արձագանքի, քննադատվեցին Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակվեց շահարկվել թեման և Հայաստանի դրական քայլը վերածվեց բացասական հռետորաբանության», – ասված է հայտարարության մեջ։