05 Դեկ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Մերձավոր Արևելքում կրքերը չհանդարտեցվեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում․ Արմեն Գևորգյան

Եթե Մերձավոր Արևելքում կրքերը չհանդարտեցվեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում․ Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հունվարի 23-ին կայացած «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումն Իսրայելի վրա և Իսրայելի պատասխանը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հանդես է եկել ելույթով.

 

«Ցավոք, բռնությունը դարձել է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների և ավտորիտար պետությունների, այլև՝ ժողովրդավարական կառավարությունների ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմներից մեկը։ Քանի որ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ կորցնում են իրենց արդիականությունն ու ազդեցությունը, ի հայտ են գալիս ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև համերաշխության անընդունելի ձևաչափեր, որոնք հաճախ հիմնված են զենքի և նավթի միության վրա։

 

Փորձագիտական կարծիք կա, որ, օրինակ, Հայաստանի հետ տարաձայնությունները ոչ թե դիվանագիտական, այլ՝  պատերազմական ճանապարհով լուծելու Իլհամ Ալիևի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ իսրայելական ընկերությունները համաձայնել են նրան նորագույն ռազմական տեխնոլոգիաներ վաճառել։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2016-2020 թվականներին, Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ, Իսրայելին բաժին է հասել Ադրբեջանի «հիմնական զենքի» ներմուծման գրեթե 70 տոկոսը։

 

Իսրայելը, հավանաբար, արդարացնում է Ադրբեջանի հետ զենքի առևտուրը՝ հիմնվելով «զենք՝ էներգակիրների դիմաց» հաշվարկների կամ հակաիրանական քաղաքականության հարցում համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության վրա: Այդ իսկ պատճառով իսրայելցի քաղաքական գործիչները, լինելով ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, պետք է պատասխանեն մի շատ կարևոր հարցի. կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև, երբ խոսքը ցեղասպանության մտադրության մասին է, և տարբեր են միայն նրանց քաղաքականության թիրախները: Բացի այդ, Իսրայելի քաղաքական վերնախավերն այսօր պետք է ապահովեն այդ սուրբ հողի բնիկների խաղաղ համագոյակցությունը: Այլապես հին Երուսաղեմում հայկական եկեղեցուն իր պատմական ժառանգությունից զրկելու շարունակվող փորձերը չունեն բացատրություն։

 

Մենք պետք է հնարավորինս շուտ հանդարտեցնենք կրքերը Մերձավոր Արևելքում։ Եթե դա տեղի չունենա, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում, որտեղ թուրք-ադրբեջանական դաշինքը պարզապես սպասում է տարածաշրջանային մեծ քաոսի՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նպատակով։

 

Ես խստորեն դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ուզում եմ տեսնել Եվրոպայից տարածաշրջան եկող ազդակներ, որոնք բոլոր կողմերի համար պետք է լինեն հստակ, համոզիչ և առանց երկակի ստանդարտների նշույլի։ Հակառակ դեպքում պատերազմական գոտու ընդլայնումն անխուսափելի է՝ «Այն, ինչ թույլատրելի է Իսրայելին, կարելի է նաև մեզ» տրամաբանությամբ»։