14 Նոյ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանն ԱՄՆ-ից անվճար սպառազինություն կստանա

Հունաստանն ԱՄՆ-ից անվճար սպառազինություն կստանա

Հունաստանը պատրաստվում է ամերիկյան վերջին սերնդի 40  F-35 կործանիչներ գնել, ԱՄՆ-ից անվճար կստանա նաև մեծ քանակությամբ զինտեխնիկա, այդ մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ հրապարակելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից իրեն ուղղված  նամակի մանրամասները։

«Այսօր կարևոր օր է մեր ազգային պաշտպանության և դիվանագիտության համար, քանի որ նամակում, որը ես ստացել եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, հստակեցվում և ամրապնդվում է Հունաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ռազմավարությունը։ Դրա շնորհիվ Հունաստանը հնարավորություն է ստանում ձեռք բերել ամերիկյան վերջին սերնդի 40  F-35 կործանիչներ, բացի այդ, անվճար ձեռք է բերում սպառազինության շատ մեծ փաթեթ, ինչը  կուժեղացնի մեր զինված ուժերը, ինչպես նաև Հունաստանի առափնյա պահպանությունը։ Դրանք  ֆրեգատներ են, C-130 տրանսպորտային ինքնաթիռներ, զրահապատ մեքենաներ ու տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև պաշտպանական տեխնիկայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք մեր երկիրն ստացել է՝  2022 թվականի մայիսին իմ կողմից անձամբ ԱՄՆ նախագահ Բայդենին դիմելուց հետո»,- ասել է Միցոտակիսը։

Նա հավելել է, որ այսպիսով Հունաստանը իր պաշտպանությունը կապահովի օդում, ջրում ու ցամաքում իր զսպող գործոնի ամրապնդման շնորհիվ։

Նոր սպառազինությունը, Հունաստանի վարչապետի խոսքով, հնարավոր է եղել ձեռք բերել երկարատև ջանքերի՝ միջազգային բեմահարթակում ազգային շահերը պաշտպանող դիվանագիտություն վարելու շնորհիվ։