23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի պատասխանները ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների որոշ հարցերին

Նիկոլ Փաշինյանի պատասխանները ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների որոշ հարցերին

• Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների նկատմամբ, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայության պաշտոններում աշխատանքի անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա։

• Մարդիկ կան, որ այսоր ասում են․ «Մոռացա՞ր՝ ինչ էիր ասում»։ Ո՛չ, չեմ մոռացել, բայց այն ժամանակ ես մարդ էի, ով իրավունք ուներ անել ցանկացած բան, որն արգելված չէ օրենքով, իսկ հիմա ես մարդ եմ, ով իրավունք ունի անել ցանկացած բան, որը թույլատրված է օրենքով։

• Հիմա ժողովրդավարությունը մեր ճաշակի հարցը չէ, դա մեր պետության լինել-չլինելու հարցն է, որովհետև այսօր մենք մեր մարտահրավերներին դիմակայում ենք միայն ժողովրդավարության շնորհիվ։

 • Ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխության խոստումների մեջ էր, որ վենդետաներ չեն լինելու, որ սեփականության վերաբաշխում չի լինելու, այդ հեղափոխությունը, ի վերջո, սիրո և համերաշխության հեղափոխություն էր․ ափսոս, որ հետագա իրադարձությունները այդ մթնոլորտը ինչ-որ առումով խաթարեցին։

• Բանկային համակարգի գործունեությանը միջամտություն ցույց չի տրվել 2018թ․-ից հետո, և սա շատ կարևոր գործոն է, որով մենք կարողացել ենք պահպանել Հայաստանում մակրոտնտեսական կայունությունը և տնտեսական բարձր աճի ֆոն ապահովել։

• Եթե թանկ է էլեկտրաէներգիան, ուրիշի հետ բանակցեք, ավելի լավ պայմաններով էլեկտրաէներգիա ձեռք բերեք։

• Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ՝ ի վերջո Ադրբեջանը համաձա՞յն է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ։

• Այսօր ամբողջ աշխարհն է զարմացած․ ասում են՝ այդ ինչպե՞ս է հնարավոր մեկ շաբաթում հարյուր հազարից ավել մարդ ընդունել՝ առանց փախստականների ճամբարների, առանց վրանային ավանների, առանց փողոցներում քնող մարդկանց։ Այս հարցին իմ արձագանքը միշտ մեկն է՝ առաջինը մեր ժողովրդի մենթալիտետի առանձնահատկությունների, երկրորդը՝ ժողովրդավարական այն բարեփոխումների շնորհիվ, որոնք Հայաստանում բարձրացրել են կառավարման որակը և արդյունավետությունը։

• ՌԴ-ին գումար վճարելու և զենք չստանալու խնդիրը լուծելու տարբերակներից մեկը ՌԴ-ի կողմից ՀՀ արտաքին պարտքի համապատասխան նվազեցումը կարող է լինել։