Արցախի կորուստը վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգությունն է. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ
նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի կորուստը վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին պատուհասած
ամենամեծ ողբերգությունն է համարում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Այդ գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ, որ
այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը։ Ես միշտ
համարել և այսօր էլ համարում եմ, որ Լեռնային
Ղարաբաղի, Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար։ Եվ երբ մենք
այդ պայքարն առաջ էինք մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում։ Ղարաբաղը երբեք Հայաստանի
պետականության համար, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ։
Եվ այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։
Առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին քաղաքական ուժերին, անձերին
թիրախավորելու մասին»,-ասել է Սարգսյանը։