27 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկյան ցանկացած օժանդակություն Ադրբեջանին խախտում է ԱՄՆ-ի արժեհամակարգն ու օրենսդրությունը. Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ

Ամերիկյան ցանկացած օժանդակություն Ադրբեջանին խախտում է ԱՄՆ-ի արժեհամակարգն ու օրենսդրությունը. Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ սենատորների հեղինակած բանաձևի վերաբերյալ, որով վերջիններս պետդեպարտամենտից զեկույց են պահանջում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի (Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը թույլ է տալիս Կոնգրեսին տեղեկատվություն պահանջել որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և փոխել կամ դադարեցնել ԱՄՆ անվտանգության աջակցությունն այդ երկրին՝  ստացված տեղեկատվության լույսի ներքո):

Ղուկասյանը անդրադառնալով բանաձևին, նշեl է, որ բանաձևի հետ կապված հաջորդ քայլը դրան հնարավորինս շատ կոնգրեսականների միացնելն է ու դրան երկկուսակցական սատարում ապահովելն է, որից հետո բանաձևը կներկայացվի համապատասխան հանձնաժողովի, այնուհետև լիագումար նիստի քննարկմանը։ Կոնգրեսի քննարկումից ու հաստատումից հետո այն միանգամից կմտնի ուժի մեջ։

«Վերջին տարիներին Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը, Հայ դատի հանձնախումբն ունեն մի շարք կարևորագույն քաղաքական առաջնահերթություններ, հատկապես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելը, որն, ըստ էության, հայտնի Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների կատարումն է։ 2001 թվականի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի նախագահի ինստիտուտը իրավունք ստացավ տարին մեկ անգամ չեղարկել 907-րդ բանաձևի պահանջների կիրառումը։ Մինչև այս տարի բոլոր նախագահներն օգտվել են այդ իրավունքից, ինչի արդյունքում Ադրբեջանը ստացել է ռազմական օժանդակություն»,- ասել է Ղուկասյանը։

Թեև այս տարի 907-րդ բանաձևը Միացյալ Նահանգների նախագահի կողմից չեղարկման չի ենթարկվել և, ըստ էության, ուժի մեջ է, բայց նախագահը դեռ այդ իրավունքն ունի, հետևաբար այժմ տարբեր ուղղություններով փորձ է արվում, որպեսզի նախագահի ինստիտուտը զրկվի վերոհիշյալ բանաձևի չեղարկման իրավունքից։ Դրա համար անցյալ տարեվերջին Սենատը միաձայն ընդունեց բանաձև, որով Սպիտակ տան ղեկավարը զրկվում էր այդ իրավունքից։ Սակայն տվյալ գործընթացը պետք է նաև օրենսդրական որոշակի փուլեր անցնի և ընդունվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչի արդյունքում նոր կստանա լիակատար իրավակիրառ բնույթ։

«Աշխատանքները դրանով չեն սահմանափակվել, և սենատորների վերջին նախաձեռնությունը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին օժանդակության ակտի այն դրույթի գործարկմանը, որը նախատեսում է այն պետությունների խիստ մոնիթորինգ, որոնք ստանում են ամերիկյան օժանդակություն։ Բանաձևը ներկայացնողների պնդումն այն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության և ընդհանրապես իր ներսում մարդու իրավունքների հետ կապված աղաղակող խնդիրների առկայության դեպքում ամերիկյան օրենսդրությամբ չի կարող օժանդակություն ստանալ, ուստի տվյալ ակտի վերագործարկման նպատակը հենց դա է, որպեսզի Ադրբեջանը զրկվի առհասարակ որևէ տեսակի օժանդակությունից»,- նշել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ սենատորների կողմից ներկայացված բանաձևի իմաստն այն է, որպեսզի իրավակիրառություն ստանա Ադրբեջանի մասով։ Հետաքննության արդյունքում, բնականաբար, պետք է պարզվի հարևան երկրում Մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը, ինչը ևս մեկ ուժեղ ապացույց և իրեղեն հիմք կլինի պնդելու, որ ամերիկյան ռազմական և ցանկացած այլ օժանդակությունն Ադրբեջանին նախևառաջ խախտում է ԱՄՆ-ի արժեհամակարգը, հռչակված քաղաքական սկզբունքներն ու նաև օրենսդրությունը։

«Մենք Հայ դատի հանձնախմբի անունից փորձում ենք մի քանի ուղղություններով միաժամանակ աշխատել և Ադրբեջանին զրկել ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Հիմա ամբողջ աշխատանքը միտված է նրան, որ Սպիտակ տան ղեկավարից բանաձևի կիրառումը չեղարկելու իրավասությունը վերցվի, առավել ևս, որ գոնե Սենատում միաձայնություն արդեն կա, իսկ Ներկայացուցիչների պալատում այդ ուղղությամբ ներկայացված են երկու-երեք բանաձևեր։ Մյուս կարևոր նպատակը Մարդու իրավունքների նկատմամբ խախտումներ թույլ տված, պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է, որոնք ամերիկյան օրենսդրությամբ՝ փաթեթավորված են Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների անվան տակ»,- տեղեկացրել է Ղուկասյանը։

Նրա բնորոշմամբ՝ ամերիկյան բանաձևերը մի փոքր տարբերվում են այլ երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերից։ Այդ տեսանկյունից ամերիկյան օրենսդրաիրավական կարգավորումներն այլ բնույթի են։ Օրինակ՝ կան բանաձևեր, որոնք ունեն ուղիղ իրավակիրառ նշանակություն։ Եթե 907-րդ բանաձևն ինքնին համարում ենք պատժամիջոց, ապա այն ներկայում գործում է, սակայն հարցը նաև Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների կիրառումն է, որի հետ կապված կան դժվարություններ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև եվրոպական երկրներում։ Այդուհանդերձ գոնե վերջին շրջանում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խոսույթը զարգացել է։ Ե՛վ Ժոզեպ Բորելը, և՛ ԵՄ արտաքին գործերի ծառայության մամլո խոսնակը վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ խոսեցին դրա մասին, ինչը լավ է, սակայն շոշափելի, անհատական ու թիրախային պատժամիջոցների մասով դեռ հաջողություն չի արձանագրվել։