28 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան ուզում է օգնել Երևանի և Բաքվի հաշտեցմանը. Գալուզին

Մոսկվան ուզում է օգնել Երևանի և Բաքվի հաշտեցմանը. Գալուզին

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում գիտակցում են այն փաստը, որ հենց Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը․ այս մասին «Россия 24»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության հասնելու հարցում:

Դիվանագետի խոսքով` արտատարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելուն ուղղված ջանքերը հաջողության չեն հանգեցնի: Արևմտյան խաղացողների գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ ՌԴ-ին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կոտրելուն և այդպիսով ՌԴ-ի հարևանությամբ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն։

Ռուսաստանը Բաքվին և Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, քանի որ Մոսկվան տեղագրական նյութեր ունի։

«Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա այստեղ ՌԴ-ն ակտիվորեն շարունակում է օգնել հարցերի ամբողջ համալիրի քննարկման հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար»,-հայտարարել է Գալուզինը։

Ռուսաստանի և նրա նախագահի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Գալուզինն անվանել է եզակի և այլընտրանք չունեցող։