Հոգեկան առողջության թեժ գծին ավելի շատ դիմում են Արցախից բռնի տեղահանված անձինք
Սկզբում 88-ի երկրաշարժն էր, հետո` դժվար 90-ականները, պատերազմը, հետո ինչ-ինչ տարբեր պատճառներ, այս ամենի հետևանքը երկարատև սթրեսն էր, որը բերել է նրան, որ հատկապես մեծահասակների մոտ նվազել է սթրեսակայունությունը․ այս մասին ասել է հոգեբան Լուսինե Բաբայանը։
«Արցախից բնակչության բռնի տեղահանման իրավիճակի հետ կապված, խնդիրները շատացել են: Այսինքն` հասարակությունը տարիներ շարունակ ապրել է դժվար իրավիճակներ, և այսօր արդեն սթրեսը կուտակային է», – պարզաբանել է Լուսինե Բաբայանը` հավելելով, որ սովորաբար հոգեբանական խնդիրները չեն առաջանում հանկարծակի ու պատահական․ դրանք, որպես կանոն, երկարատև խնդիրներ են, որոնք պարզապես ժամանակի ընթացքում խորանում են և ինչ-որ պահերի արդեն իրենց մասին լսել են տալիս:
«Իսկ իրավիճակով պայմանավորված` այս պահին թեժ գծին ավելի շատ դիմում են Արցախից տեղահանված հայրենակիցները` ուղղորդումների համար։ Բռնի տեղահանումից երեք ամսից ավել ժամանակ է անցել, այնպես որ արդեն սպասում ենք ավելի շատ հոգեբանական խնդիրների աճի, քանի որ սկզբնական շրջանում մարդիկ զբաղված են սոցիալական հարցերով, տեղավորվելով, այսպես ասած դեռ «տաք» են», – նշել է հոգեբանը:
Նշեց նաև, որ զանգերի ժամանակ հաճախ բարձրաձայնվող խնդիրներից են տագնապային վիճակները, տագնապային գրոհները: Այս դեպքում թեժ գծի մասնագետները փորձում են օգնել կամ մարդկանց ուղղորդել համապատասխան կենտրոններ, կլինիկաներ: