29 Նոյ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածում 12 մլն տոննա աղբ է կուտակված․ ՄԱԿ

Գազայի հատվածում 12 մլն տոննա աղբ է կուտակված․ ՄԱԿ

Գազայի հատվածի քաղաքների ու ավանների փողոցներում մոտ 12 միլիոն տոննա աղբ է կուտակվել, որի մաքրման համար կպահանջվի ավելի քան չորս տարի. այս մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։

«Գազայի հատվածում ավերված տներից աղբի և բեկորների քանակը գերազանցում է 12 միլիոն տոննան։ Հաշվի առնելով անկլավի ներկայիս վարչակազմի հնարավորությունները՝ դրանք հեռացնելու համար կպահանջվի ավելի քան չորս տարի», – փաստաթղթից հատված է մեջբերում ТАСС-ը։

ՄԱԿ-ի վարչությունն ընդգծում է, որ ավելի քան 650 հազար մարդ կորցրել է կացարանը և «տուն չունի, ուր կարելի լինի վերադառնալ»։

«Հարյուր հազարավոր պաղեստինցիներ ապաստանի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն, նրանք հարկադրված են մնալու հակասանիտարական պայմաններում», – հայտնել են ՄԱԿ վարչությունում՝ նշելով, որ փախստականների շատ ճամբարներ գերբնակեցված են:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 27 700-ը։