Արցախից տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցվի
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների
առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի
ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված
կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ․ այս մասին ասել է ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության
հոկտեմբերի 12-ի որոշմամբ մեկնարկել է կրթաթոշակի տրամադրման ծրագիրը Արցախից բռնի
տեղահանված՝ քոլեջների և բուհերի այն ուսանողների համար, որոնք այս պահին կրթության
շարունակականության խնդիր ունեն:
Նախարարը նշել է, որ եթե կլինեն այլ ուսանողներ, որոնք մինչ այս
պահը ընդգրկված չեն կրթության գործընթացում, և հավելյալ տվյալներ ի հայտ կգան, ապա
լրացուցիչ որոշում կկայացվի նաև նրանց մասով:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը հոգում է
նաև Արցախից բռնի տեղահանված դպրոցականների
կրթության կազմակերպման ծախսերը. բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար:
«Կրթության կազմակերպման մասով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքիների
համար հավելյալ ծախսերի կարիք չկա»,-ընդգծել է նախարարը: