Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին
Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-Իրան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ. այս մասին հայտնում է president.ir կայքը:
«Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», – ասել է Ռաիսին։
Ռաիսին Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական:
Անդրադառնալով Հարավային Կովկասի խնդիրներին՝ նա նշել է Իսլամական Հանրապետության ջանքերը կայունության և անվտանգության պահպանման ուղղությամբ։
Իրանի նախագահն այնուհետև ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։
«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», – ասել է Իրանի նախագահը։
Հայաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության և ժողովրդի համար արժեքավոր և կարևոր է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Նա ընդգծել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հատկապես էներգետիկայի և տարանցման ոլորտներում։