Ի՞նչ է նշանակում՝ զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ․ նրանք պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը․ Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, որ «ՊՆ-ի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների․ եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ»։
«Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խո՞սք է։
Փոխանակ ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ:
Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրներին, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանվող զինվորականները պատասխանատվությա՞ն կենթարկվեն ․․․
Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթյունից այն էլ սակավացած ընտանի կենդանիներ են սատկում:
Ստացվում է ի՞նչ` իբր ադրբեջանական զինվորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մեկ էլ կրակեցին։ Դեպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թե մեր երկրի տարածքում ու մեր գյուղի ներսում։
Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ (էլ չասած ներխուժումները) ի սկզբանե անօրինական, հանցավոր է։
Հայաստանի զինված ծառայողները, այդ թվում՝ սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը: Նրանց գործողություններն իրավաչափ են ի սկզբանե և ուղղված են բնակիչների պաշտպանությանը:
Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, ոչ թե Ադրբեջանի թելադրածը»,- ընդգծել է Արման Թաթոյանը: