19 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում կալանավորել են Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիան հետաքննող լրագրողներին

Ադրբեջանում կալանավորել են Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիան հետաքննող լրագրողներին

Ադրբեջանի իշխանությունները
խուզարկել են AbzasMedia հետաքննական հրատարակության խմբագրությունը և կալանավորել
դրա երկու ղեկավարներին։ Այս լրատվամիջոցը գրում էր պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի մասին։ Այս մասին տեղեկացնում
է BBC-ի ռուսալեզու ծառայությունը։

 AbzasMedia-ի տնօրեն
Ուլվի Հասանլին ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին գնացել է հրատարակություն։
Նրա աչքի տակ կապտուկ է եղել, և նա հայտնել է, որ նույն առավոտյան ոստիկանները բռնել
են իրեն և ծեծի ենթարկել։

 Լրատվամիջոցի գրասենյակում
խուզարկություն է անցկացվել․ ոստիկանները հայտնել են, որ գտել են 40 հազար եվրո։

 Նոյեմբերի 21-ի առավոտյան
խուզարկություն է անցկացվել նաև AbzasMedia-ի խմբագիր Սևինչ Վագիֆգըզըի տանը։ Վագիֆգըզըին
նոյեմբերի 21-ի գիշերը ձերբակալել էին օդանավակայանում, երբ նա վերադարձել էր Ադրբեջան։

 Իշխանությունները Հասանլիին
և Վագիֆգըզըին մեղադրել են փողերի մաքսանենգության համար։ Նրանց սպառնում է մինչև
12 տարվա ազատազրկում։

 Լրագրողներն իրենց
մեղքը չեն ընդունել, իսկ AbzasMedia-ն կարծում է, որ հրատարակության ղեկավարների ձերբակալության
իրական պատճառը նրանց կողմից անցկացվող կոռուպցիոն հետաքննություններն են։ Նման կարծիքի
են նաև Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն և Amnesty International իրավապաշտպան
կազմակերպությունը, որոնք պահանջում են ազատ արձակել լրագրողներին։

 ԱՄՆ պետքարտուղարության
խոսնակ Մեթյու Միլլերը նույնպես մտահոգություն է հայտնել լրագրող Ուլվի Հասանլիի ձերբակալության
և «նրա նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական բռնության» առնչությամբ։