Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր: «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը եւ արձանագրել. «Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է եւ ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարեւոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է եւ կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը: