28 Դեկ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Բաքվի հետ բանակցություններում ուղենիշները

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Բաքվի հետ բանակցություններում ուղենիշները

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարության՝ ՀՀ ԱԳՆ-ն
հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման
հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։

«Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի
շուրջ և առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող
հանդիպումների ընթացքում։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու
և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի
Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները
և, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝
որպես ուղենիշ ունենալով՝ 

– միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների
փոխադարձ ճանաչումը և հարգումը, 

– համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային
ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը,

– պետությունների ինքնիշխանության ու իրավազորության
լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի
ենթակառուցվածքների ապաշրջափակումը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայկական կողմը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝
կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է
իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում:

«Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից
է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ
անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։