Հայաստանում կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել
2023 թվականին՝ Հայաստանում, կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը՝ 0-2, իսկ 5-ը՝ 3-6 տարիքային խմբում․ տվյալներ հրապարակել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ հազի կամ ինչպես նրան այլ կերպ անվանում են «100 օրյա հազի» դեպքերի թվի անսովոր աճի մասին՝ 2022 թվականին գրանցված դեպքերի համեմատ:
Այսպես, օրինակ Իսպանիան հաղորդել է 1578 դեպքի մասին՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 19-ը ունեցած տվյալների համաձայն, որն ավելի քան 7 անգամ բարձր է 2022թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 204 դեպքի համեմատ»,-գրել է Մուրադյանը:
Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում։
Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ըստ մասնագետների վերլուծությունների այս տարիքային խմբի երեխաներն ամենաշատն են հոսպիտալացման կարիք ունենում և նրանց մոտ ավելի աբրձր է բարդությունների հաճախականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում կապույտ հազից, որտեղ նորածիններին բաժին է հասնում գրանցված մահվան դեպքերի շուրջ 92%-ը։
Կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։ Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է դեռևս 1950-ականներից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթականում վեցավալենտ, 18 ամսական և 6 տարեկան երեխաների շրջանում՝ քառավալենտ, իսկ տասնվեց տարեկանում ԱԿԴՓ պատվաստանյութերով:
Հայաստանում դեպքերի աճ է նկատվել արդեն 2023թ.-ին և գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը 0-2 տարիքային խմբում, իսկ 5-ը՝ 3-6 տարեկանների շրջանում համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների: Կապույտ հազով հիվանդանում են նաև մեծահասակները, որոնց մոտ վարակը երբեմն չի ախտորոշվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են․ կապույտ հազով մեկ հիվանդը կարող է վարակել 12-18 առողջ մարդու։