Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գևորգ Ալթունյանի՝ տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է․ Ալթունյանն ազատության մեջ է։ Լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ալթունյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն չունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ»,-ասել է Սահակյանը։
Գևորգ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, 1 ամիս անց խափանման միջոցը փոխարինվել էր կալանքով։ 2 ամիս կալանքից հետո խափանման միջոցը կրկին փոխարինվել էր տնային կալանքով։
Ըստ Սահակյանի՝ Գևորգ Ալթունյանը ընդհանուր առմամբ 5 ամիս ազատությունից զրկված է եղել։ Պաշտպանի կարծում է, որ գործում անձնական ազատության իրավունքի խախտում գոյություն ունի, ինչի առնչությամբ դեռ նախորդ տարի գանգատ էին ներկայացրել ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։