Պայքարն ավարտված չէ, վերադարձ լինելու է․ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հայտարարությունը
Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցության հայտարարությունը․
«Հայ ժողովրդի նորագույն պատմության նշանակալի պատմական իրողություններից Ղարաբաղյան շարժումը, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։
Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։
Անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Բաքուն գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների շարքը Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ բնակավայրերում։ Հայ ժողուվուրդը, սակայն, միավորվեց և, թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը, կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։
1994 թվականի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ևս երկու պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ 2016-ի ապրիլյան և 2020-ի քառասունչորսօրյա պատերազմները: Բաքվի ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ հասնելով ընդհուպ մինչև Արցախի լիակատար շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ողբալի իրադարձությունների արդյունքում՝ նաև հայաթափման:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Չնայած այս արհավիրքներին, մենք համոզված ենք, որ Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է: Մեր գիտակցության մեջ, գուցե և փոքր ինչ սքողված, սակայն արդարացված ընկալում կա, որ պայքարն ավարտված չէ, որ վերադարձ լինելու է: Ուստի, անընդհատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ:
Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։
Փետրվարի 20-ը չի կորցրել իր խորհուրդը»: