Արման Թաթոյանը Վեհափառին է ներկայացրել Ներքին Հանդի իրավիճակը, Ադրբեջանի հարձակումների հետևանքները
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
«Ժողովը քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։
Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել եմ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստան ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումները խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը»,-գրել է Թաթոյանը: