Եթե Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման պարագայում կնքվի պայմանագիրը, դա կլինի ՀՀ տապալման պայմանագիր․ Տիգրան Աբրահամյան
Եթե Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման պարագայում կնքվի
պայմանագիրը, դա կլինի ոչ թե խաղաղության, այլ ՀՀ տապալման կամ նոր կորուստների
պայմանագիր․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի նախընտրական շրջանում իշխանությունն
օգտագործում էր «խաղաղության դարաշրջան» անվանումը, դրանից հետո եկավ «հայ-ադրբաջանական
խաղաղության պայմանագիրը», հիմա է՝ «Խաղաղության խաչմերուկը»․ անվանումները բրենդավորվում,
փոփոխության են ենթարկվում, բայց իրավիճակը դրանից չի փոփոխվում։
«Նիկոլ Փաշինյանը գնացել և ստորագրել է եռակողմ փաստաթուղթ և հիմա
եկել ու ասում է՝ գիտեք, ես դրա հետ որևէ կապ չունեմ։ Դրանք մեզ համար հետագայում խնդիրներ
են առաջացնում։ Դրա համար իշխանությունները չպետք է գնան փաստաթուղթ ստորագրեն, հետագայում
դրանից հրաժարվեն։ Ցանկացած իրավիճակում դա իր քաղաքական հետևանքներն է ունենալու»,
– նշել է պատգամավորը և հավելել, որ այս երեք
տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում հայկական շահերի տրորմանը, որը մեզ բերում
է մարդկային և տարածքային կորուստների։