Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պետք է ճնշում գործադրել, քանի որ նա չի ցանկանում խաղաղություն Ուկրաինայում, Օդեսա կատարած այցի ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
«Պուտինն այս պահին խաղաղություն չի ցանկանում: Եվ քանի դեռ նա չի դադարեցրել այս պատերազմը, և այո՛, նա կարող է դադարեցնել այն վաղը և դուրս բերել տանկերը, մինչ այդ մենք պետք է շարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», – ասել է նա:
Բացի այդ, Բերբոքը կոչ է արել ճնշում գործադրել Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի վրա:
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայում իրավիճակի խաղաղ բանակցությունների անցնելու նախադրյալներ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։ Միևնույն ժամանակ Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք դրեց դրանց վրա։