27 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական մոտեցում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական մոտեցում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։

Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի և օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված  քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեղադրանքը, ինչը կհաստատվի նաև հրապարակային դատավարության ընթացքում։ Ավելին՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնականում վկայակոչվող միակ «ապացույցը», որը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ և հարցաքննվող անձի տված ցուցմունքների աղավաղմամբ, հերքվել է պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա իրականացված առերես հարցաքննության արդյունքում։

Ինչ վերաբերում է մինչ օրս Տիրան Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքին, ապա նշենք, որ առաջին դատական նիստում քննարկվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու, ինչպես նաև փոփոխելու հարցը, որի շրջանակներում պաշտպանական կողմը միջնորդելու է Տիրան Խաչատրյանին ազատել կալանքից և կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Կարծում ենք,  որ ի սկզբանե բացակայում էին Տիրան Խաչատարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, բայց մանավանդ այս փուլում այդպիսի անհրաժեշտության մասին խոսելը զուրկ կլինի որևէ տրամաբանությունից, քանի որ քրեական վարույթի ընթացքում վարույթային գործողությունների ավարտով պայմանավորված՝ վերացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչվող «վարույթի մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու» առանց այդ էլ գոյություն չունեցած հավանականությունը։ Տիրան Խաչատրանի նկատմամբ վարույթին խոչընդոտելու հիմքով կիրառված կալանքն ունեցել է բացառապես պատժիչ բնույթ՝ պայմանավորված Տիրան Խաչատրյանի անձով և նրա հրապարակային գործունեությամբ։ Երբ այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ միջադեպի մասնակից մնացած անձանցից որևէ մեկը ներկայումս կալանքի տակ չէ, էլ ավելի ակնառու է դառնում Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող խտրական մոտեցումը։

Հուսով ենք, որ թե՛ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի և թե՛ գործի ըստ էության քննությունները կիրականացվեն օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության պահանջների պահպանմամբ։

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2021 թվականը՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում գրանցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով, Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»։