27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-Հայաստան նոր գործընկերությունը երեք առանցքային մաս կունենա. Բորել

ԵՄ-Հայաստան նոր գործընկերությունը երեք առանցքային մաս կունենա. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը երեկ կայացած Եվրախորհրդարանի նիստում խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերություններից։

Ելույթն ամբողջությամբ.

«Մենք գտնվում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմական փուլում: Դրանք երբեք ավելի ուժեղ չեն եղել, քան այսօր։ Սա հաստատվեց երկու շաբաթ առաջ՝ ԵՄ-Հայաստան գործընկերության հինգերորդ խորհրդում։ Դեռ հոկտեմբերին այս լիագումար նիստում վարչապետ Փաշինյանը շատ հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանը։ Ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը հանձնարարել է բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին՝ ուսումնասիրել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղիները՝ իրենց բոլոր չափումներով: Անցած ամիսների ընթացքում մենք աշխատել ենք այդ ուղղությամբ:

Գալիք ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման և ընդլայնման գործում։ Մենք արդեն ունենք լավ հիմք, ամուր շրջանակ՝ մեր ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի հետ միասին մենք սկսել ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր, հավակնոտ օրակարգի նախապատրաստումը։

Մենք առաջարկել ենք, որ այս նոր գործընկերության օրակարգը, որը հիմնված է մեր ընդհանուր արժեքների վրա, բաղկացած լինի երեք բլոկներից.

Նախ, մենք կաշխատենք ամրապնդել Հայաստանի ճկունությունը և դիվերսիֆիկացնել նրա տնտեսությունը՝ առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության մեծացման միջոցով։

Մարդկանց միջև ուժեղացված շփումների համար մենք քննարկում ենք վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները: Հայաստանն արտահայտել է իր մեծ հետաքրքրությունը այս հարցում, և մենք խրախուսել ենք երկրի ղեկավարությանը՝ ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին և լծակներ կապահովի հետագա բարեփոխումների համար։

Երկրորդ․ անվտանգությունը մեր երկկողմ հարաբերությունների՝ գնալով ավելի կարևոր դարձող տարր է։ Մենք նշում ենք Հայաստանում ԵՄ առաքելության առաջին տարեդարձը և անհամբեր սպասում դրա ամրապնդմանը։ Մենք քննարկում ենք եվրոպական խաղաղության հաստատման հնարավոր միջոցըներ։ Եվ մենք ընդլայնում ենք մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաև ուսումնասիրելով Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին։

Երրորդ․ աճող ներդրումները առանցքային կլինեն ավելի սերտ տնտեսական համագործակցության համար: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը սևծովյան էլեկտրահաղորդման մալուխին և տարածաշրջանային կապի այլ նախագծերի։ Տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծումը մեծ ներուժ ունի՝ ծառայելու որպես խաղաղության շահաբաժին: Եվրամիությունը շարունակում է աջակցել նաև ղարաբաղցի հայերին։ Մենք տրամադրել ենք 12,2 միլիոն եվրո՝ հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար, առանձնացրել ենք ևս լրացուցիչ 5,5 միլիոն եվրո։ Սոցիալ-տնտեսական կարիքների համար տրամադրել ենք 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին մեր ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։ Մենք մերժում ենք ցանկացած ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք և շարունակում ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Այժմ մեր առաջնահերթությունն է ուժեղացնել Հայաստանի ճկունությունը, ապահովել, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։ Եվ սա է պատճառը, որ մենք ամրապնդում ենք մեր ոլորտային համագործակցությունը, ավելի ենք զարգացնում մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում և խթանում ենք տնտեսական ներդրումները:

Շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը։ Եվ սա է պատճառը, որ վերջերս մենք ուժեղացրինք ԵՄ առաքելությունը Հայաստանում։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին՝ ներգրավվել բարեխղճորեն․ պատրաստ ենք շարունակել հեշտացնել փոխանակումները»: