27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիան ևս 3 մլն դոլար կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին

Ճապոնիան ևս 3 մլն դոլար կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին

Ճապոնիան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում մեկնարկում է 2,9 մլն ԱՄՆ դոլարի նոր ծրագիր՝ «Աջակցություն Արցախից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով»:

Ստորագրման արարողությունը նախագահել է Ն․Գ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Բացման խոսքում պարոն Խաչատրյանը, ով համակարգում է փախստականների կարիքների հասցեագրման աշխատանքները, ընդգծեց փախստականներին աջակցելու Հայաստանի կառավարության կարևոր նախաձեռնությունները. «Մենք շարունակելու ենք մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը: Այդ նպատակով հոկտեմբեր ամսից սկսած արդեն իսկ Կառավարությունն իրականացրել է փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովմանն ուղղված գործուն միջոցառումներ։ Բացի այդ՝ մատչելի բնակարանային ապահովման, ինչպես նաև զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը մեր առաջնային անելիքներից է»։

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին շեշտել է Ճապոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ ասելով, որ  «Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է Հայաստանի կողքին լինել պատմության այս դժվարին պահին և այս օգնությունն է տրամադրում Հայաստանին՝ մարտահրավերները հաղթահարելու համար»։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը ֆինանսական աջակցության համար և և բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ արդյունավետ գործընկերությունը բոլոր մակարդակներում։ «Փախստականների և հյուրընկալող համայնքների դիմակայունության ամրապնդումը, կայուն լուծումների ապահովումը, նոր աշխատատեղերի և ապրուստի հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության պայմանների ապահովումը առաջնահերթություն է ՄԱԶԾ-ի համար»,- նշել է տիկին Նացվլիշվիլին։

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ, ստորագրեցին ծրագրային փաստաթղթերը՝ նշանավորելով նոր նախաձեռնության մեկնարկը։

Ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ-ն կնպաստի փախստականների և տեղի բնակչության միջև երկխոսությանը և վստահության ամրապնդմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երիտասարդներին, կբարելավի հյուրընկալող համայնքներում փախստականների համար հիմնական ծառայությունների որակը և կենսապայմանների մատչելիությունը, կաջակցի առաջնային բուժհաստատություններին ՝ հաշվի առնելով կարիքները, կապահովի կանաչ էներգիայի հասանելիություն արտակարգ իրավիճակներում, և հյուրընկալող համայնքներում կհիմնի ջրի պահպանման և բաշխման ենթակառուցվածքներ՝  գյուղատնտեսության մեջ օգտագործվող ջրային պաշարները խնայողաբար օգտագործելու և գյուղատնտեսությամբ զբաղվող տնային տնտեսությունների եկամուտներն ավելացնելու համար։