26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ պարտադրում են ուրախանալ, տոնել, ինչը զանգվածային բռնության ձևերից է․ Վահե Հովհաննիսյան

Մեզ պարտադրում են ուրախանալ, տոնել, ինչը զանգվածային բռնության ձևերից է․ Վահե Հովհաննիսյան

Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության
ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ․
գրում է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու
եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր
ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։ Մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ,
թե ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տոն ենք անում։
Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում»,-գրել է նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագույն
իշխանությունը Հայաստանը որպես «արևմտյան Ադրբեջան» է ձևակերպում, ու դրա հետ մեկտեղ
զանգվածներին պարտադրում են ուրախանալ։

«Երբեմն տպավորություն է, որ Հայաստանում էվոլյուցիան հակառակ ուղղությամբ
է գնում. մենք մարդուց վերածվում ենք անասունի։ Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող
համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթված շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրավադրել
են Նիկոլի մոտ։ Իրոք ախր ամոթ է։ Մենք Բաքվի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիվ գերիներ։
Իշխանությունն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլյատիվ համակարգով անընդհատ համոզում
է, որ սա նորմալ է։

Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ,
թե ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարվածը։ Նրան պարտադրում են ուրախություն»,-գրել
է նա։

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը բոլոր ողբերգություններից հետո
փորձում է ստեղծել «նոր նորմալություն». պատերազմ՝ նորմալ է, պարտություն՝ նորմալ է,
հազարավոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։

«Ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառյալ՝ քաղաքական) սկսեն
առողջ երկխոսություն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակության
որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատվությունը։ Գուցե պետական մեքենայով
հնարավոր է պարտադրել հասարակությանը «վիզուալ ուրախություն», բայց վախենալ է պետք
այն միտումից, որ հասարակությունը աղետի չափից արդեն դադարել է զգալ որևէ բան։ Այս
սա իրոք վախենալու է»,-գրել է նա։