26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում
(Նիգերիա) տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի
ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023 թ․ սեպտեմբերի
18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես եկան հայտարարությամբ։

 ԵՀԽ-ն իր զորակցություն
է հայտնում հայ ժողովրդին, Եկեղեցուն և  հատկապես
բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձություններից հետո
ստիպված են եղել փախուստի դիմել  իրենց հինավուրց
հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։

 Ժողովականները նաև
ափսոսանք են հայտնել, որ 1992-1994 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո չեն գտնվել
ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:

 ԵՀԽ-ն կոչ է անում
միջազգային հանրությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված
անձանց, մասնավորապես խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն
ունեցողներին և կարիքավորներին։

 ԵՀԽ անդամները նաև
կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել այն էթնիկ հայերի անվտանգությունն
ու հավասար իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային
Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային և կրոնական ժառանգությունը,
հարգել կրոնի, հավատքի ազատությունը (ներառյալ կրոնական և պաշտամունքային վայրեր այցելելը),
ինչպես և հնարավորություն ընձեռնել ու դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության
այցը տարածաշրջան և փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:

 Ժողովականները դիմեցին
Եվրամիությանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելությունը՝ ապահովելով բավարար անձնակազմ
և միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից
Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։

 ԵՀԽ-ն կոչ է անում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնամուխ լինել այդ խնդրի կարգավորմանը, և ձեռնարկել
արագ ու վճռական գործողություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան
տարածքի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում։

 Ժողովականները խնդրեցին
ԵՀԽ գլխավոր քարտուղարին շարունակաբար հետևել 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան
այցելած ԵՀԽ պատվիրակության դիտարկումներին և եզրակացություններին։

 ԵՀԽ-ն հրավիրեց անդամ
բոլոր Եկեղեցիներին աղոթել տուժած անձանց համար, աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն
հայ ժողովրդին ցավալի և ապագայի նկատմամբ անորոշ այս ժամանակներում ծառայություն իրականացնելիս։