29 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոսկեպարն «ապօրինի տարածք է»․ ոստիկաններն արգելում են Վերին Ոսկեպար այցելուների մուտքը

Ոսկեպարն «ապօրինի տարածք է»․ ոստիկաններն արգելում են Վերին Ոսկեպար այցելուների մուտքը

Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և գյուղ այցելած քաղաքացիների միջև։

Երկու քաղաքացի այցելել է Վերին Ոսկեպար` ցանկանալով մի քանի օր գիշերել այնտեղ, սակայն ոստիկաններն արգելել են։

 

«Գնացել ենք Վերին Ոսկեպար, այնտեղ արդեն մեզ սպասում էին ոստիկանները։ Փորձեցին մեզ համոզել, որ գյուղ չի կարելի մտնել։ Բայց մենք ազատ քաղաքացի ենք, իրավունք ունենք մեր երկրում ուր ուզենք գնանք ու չէինք համոզվում։ Իրենք կանչեցին փոխոստիկանապետին»,-ABC Media-ի հետ զրույցում ասաց գյուղ այցելած Հենրիկ Մկրտչյանը։

 

Նրա խոսքով գյուղում հրաձգարան կա, որը կառուցել է «Մարտական եղբայրության միաբանությունը» «Ազատազենի» հետ համատեղ։

 

«Փոխոստիկանապետն եկավ պատճառաբանեց, որ փոքրիկ տունը, որտեղ մենք պետք է մնայինք, ապօրինի է։ Մենք էլ ասացինք՝ ոչինչ, այլ տեղ կմնանք, վրաններում։ Այս հայտարարությունից հետո փոխոստիկանապետն ասաց, որ Ոսկեպարն ապօրինի տարածք է առհասարակ»,-նշեց մեր զրուցակիցը։

 

Հենրիկ Մկրտչյանն ու իր ընկերը Տավուշ էին մեկնել, որպեսզի Ոսկեպար ու Բաղանիս գյուղերում համայնքապետարանի հետ հուշագրով ունեցած խմբերում պարապմունքներ անցկացնեին։

«Հիմա, քանի որ զենքի օրենքը կա, մեր նպատակը մարդկանց զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները սովորեցնելն է, ինչպես նաև մեր այցելության նպատակներից էր տեղի հրաձգարան գնալը»,-ասաց նա։

 

Փոխոստիկանապետի անհիմն ու տարօրինակ հայտարարությանը, թե Ոսկեպարը «ապօրինի» տարածք է, տղաները չեն համաձայնել ու պնդել են, որ իրենց հայրենիքում իրենք ազատ են տեղաշարժվել։ Փոխարենը ոստիկանները նրանց բերման են ենթարկել ու մի քանի ժամ պահել են ոստիկանական բաժնում։

 

«Սա քաղաքական պատվեր է, ոչ մի ադեկվատ պատասխան չկար մեր հարցերին, թե ինչու Ոսկեպար չի կարելի գնալ»,-ասաց Հենրիկ Մկրտչյանը։

Արդյունքում տղաները կարողացել են մտնել գյուղ, գիշերել են այնտեղ։

 

«Մենք իրենց ասել ենք, կամ նշեք պատճառը, որ գյուղ չենք կարող գնալ, կամ մի խոչընդոտեք մեր մուտքը»,-եզրափակեց նա։

 

Ոստիկանության մեկնաբանությունը կհրապարակենք ավելի ուշ։