Ստամբուլում 7 մարդ է ձերբակալվել «Մոսադում» աշխատելու համար
Թուրքական ոստիկանության ու հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են 7 մարդու, որոնք կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ աշխատելու համար. հայտնում է TRT հեռուստաալիքը։
Ստամբուլում խուզարկություններ են իրականացվել ոստիկանության և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության համատեղ գործողության շրջանակներում։ Նշվում է, որ ձերբակալվածները տեղեկություն են վաճառել «Մոսադին»։
Նրանց թվում է մասնավոր հետախույզ Համզա Թուրհան Այբերքը՝ նախկին պետական ծառայող, որը պարբերաբար հրավիրվում էր տեղական հեռուստաալիքների առավոտյան եթերներին։ Հետաքննությունը պարզել է, որ նա իսրայելական հետախուզությանը տեղեկություններ է տրամադրել փողի դիմաց, այդ թվում՝ տեղեկություններ Մերձավոր Արևելքից անհատների և Թուրքիայում ընկերությունների գործունեության մասին։ Հատուկ հսկողության սարքավորումների օգնությամբ նա վերահսկել է դրանցից մի քանիսը և տվյալներ փոխանցել։ Նշվում է, որ Այբերքն այս աշխատանքի համար վերապատրաստվել է Բելգրադում 2019 թվականին։
Տարեսկզբին թուրքական հակահետախուզության արդյունքում Թուրքիայում իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության համար աշխատելու կասկածանքով 34 մարդ է ձերբակալվել։ Hürriyet թերթը նշել է, որ Իսրայելը Թուրքիայի դեմ լրտեսական պատերազմ է սկսել, սակայն պետք է հասկանա, որ այն կունենա հետևանքներ։