Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում երկրի տարածքով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում են լուծել «երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները» հարավային սահմանների երկայնքով՝ Իրաքում և Սիրիայում:
«Մենք շարունակում ենք վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ՝ չնայած մեր սահմանների ներսում և դրսում առկա խոչընդոտներին։ Մենք Իրաքի հետ մեր սահմանի անվտանգության հարցը կլուծենք այս ամառ։ Սիրիայում 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ։ Մենք կոչ ենք անում բոլորին՝ հարգել տարածաշրջանում անվտանգության մեր ռազմավարությունը: Հակառակ դեպքում՝ նրանք պատասխանատվություն կկրեն լարվածության համար։ Մենք նախապատրաստություններ ենք տեսնում, որոնք նոր մղձավանջներ կբերեն նրանց գլխին, ովքեր կարծում են, որ մեր հարավային սահմաններին ահաբեկչական պետություն ստեղծելով՝ մեզ ծնկի կբերեն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով կառավարության նիստից հետո։
Էրդողանը հավելել է, որ «Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն իր տարածքով, այլ դուրս են գալիս իր սահմաններից շատ»։
Նա մյուս երկրներին կոչ է արել հաշվի առնել դա և ասել, որ Թուրքիան «կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ նրանք, ովքեր չեն հասկանում նրա վճռականությունը, գիտակցեն այդ փաստը»։
Թուրքական լրատվամիջոցներն Էրդողանի խոսքերն ընդունել են որպես ազդանշան այն մասին, որ Թուրքիան կարող է մինչև ամառ նոր անդրսահմանային գործողություն սկսել Իրաքում և Սիրիայում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա իրականացրել է մի քանի նման գործողություններ՝ ուղղված Իրաքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին և նրա սիրիական ճյուղերին: