Ադրբեջանը ոչնչացրել է հայ գրող Խաչատուր Աբովյանի արձանը։ Այս մասին հայտնում է Հայքի մշակութային օմբուդսմեն , ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
«Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- գրել է Ավանեսովը։
Հիշեցնենք՝ Խաչատուր Աբովյանի արձանը կառուցվել է գրողի անունը կրող դպրոցի բակում 2013-2015 թթ.-ին։ Քանդակագործը Արմեն Պետրոսյան է։