Հայաստանը սիրում է ականջներով, իսկ ինչո՞վ է մտածում․ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից
Հայ-ադրբեջանական բանակցությունների
ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը
Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և
գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի
հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:
Մերֆիի հանրահայտ օրենքներից
մեկն ասում է, որ, որպես կանոն, ժամանակի 20%-ը ծախսվում է խնդրի 80%-ը լուծելու համար,
իսկ ժամանակի մնացած 80%-ը գնում է խնդրի վերջին 20%-ի կարգավորման համար:
Գրեթե բառացի նույն
վիճակն է հայ-ադրբեջանական տրեկի վրա. Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է պայմանագրի
70%-ը, և վերջին 30%-ի վրա շահագրգիռ կողմերը սկսել են ծախսել ավելի շատ ժամանակ:
Փորձենք համառոտագրել
խնդրով զբաղվող կողմերի դիրքերը տվյալ պահին.
1. Հայաստանը, իսկ
ավելի ճիշտ՝ այն ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, զիջելով գրեթե բոլոր ազգային շահերի
տիրույթում՝ Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, անկլավներ և այլն, կենտրոնացել
է 29.800 քկմ-ի և Ռուսաստանին դուրս մղելու գերխնդիրը լուծելու վրա: Նիկոլին խաղաղության
պայմանագիրը պետք է ցանկացած գնով, սակայն ոչ թե բուն խաղաղության, այլ իր առջև դրված
խնդիրը լուծելու (Ռուսաստանի մասով) և սեփական իշխանությունն ամրապնդելու համար:
2. Ադրբեջանը բացարձակապես
շահագրգիռ չէ ինչ-որ թղթի կտոր ստորագրելու մեջ: Ալիևն առանց այդ էլ ստացել կամ ստանում
է իր ուզածը կոմբինացված ճնշումների միջոցով և կարող է իրեն թույլ տալ շռայլ գեոպոլիտիկ
շոուներ բեմադրել՝ չգնալով արևմտյան բանակցային հարթակներ, հաճոյանալով Ռուսաստանին,
իսկ իրականում հետապնդելով բացառապես սեփական շահը:
3. Ադրբեջանը դժգոհ է արևմտյան՝ անգամ ֆորմալ հայտարարություններից, ի աջակցություն
Հայաստանի և Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումների «հումանիտար հետևանքների» հիշատակումներից
և պահանջում է Արևմուտքից դադարեցնել թեկուզ զուտ ձևական մանյովրները: Արևմուտքը դա
անել չի կարող, որովհետև հենց նման, ոչ մի ռեալ ազդեցություն չունեցող, բայց հայերիս
ականջի համար հաճելի հայտարարություններն են Ռուսաստանը Հայաստանից դուրս մղելու օպերացիայի
հիմնական զենքը: Հայաստանը, ինչպես կինը, սիրում է ականջներով…
4. Սա է պատճառը, որ
ԱՄՆ Պետդեպ-ն իր վերջին արձագանքի մեջ խրախուսում է գոնե երկկողմ ձևաչափով եզրափակել
բանակցությունները: Այս առաջարկը բխում է հենց նրանց շահերից, որովհետև իրենց հետաքրքրող
հիմնական թեման՝ Ռուսաստանի դեմ պայքարը, Նիկոլը երաշխավորել է:
Արդյո՞ք երկկողմ ձևաչափը
ձեռնտու է Հայաստանին: Անշուշտ, ո՛չ: Եվ դրա պատճառները նույնպես ջրի երեսին են: Երկկողմի
դեպքում բանակցային կարողություններով Նիկոլը և իր դրածոները, ավա՜ղ, զիջում են ադրբեջանցիներին՝
լինելով նաև ջախջախված իշխանությունների ներկայացուցիչներ: Բայց առավել կարևոր է մյուս
հանգամանքը. երկկողմ ձևաչափի մեջ բացակայում են միջազգային երաշխիքները, որոնք գոնե
ֆորմալ առումով կարող էին զսպաշապիկ լինել Ադրբեջանի իրական ախորժակի համար:
5. Ռուսաստանը, որն
անգամ սովորական պայմաններում մեծ սեր չի ունեցել բազմաշերտ և նուրբ դիվանագիտական
գործելաոճի նկատմամբ, հիմա, շարունակվող ուկրաինական պատերազմի պարագայում, առավել
ևս «զահլա» չունի, և ուժեղացնելով սեփական դիրքերը Հարավային Կովկասի այլ հատվածներում
(Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Ադրբեջան), ըստ ամենայնի, հույսը դրել է ռեգիոնում
հարցերը Թուրքիայի, ում ազդեցության տակ է ընկնելու Հայաստանն արևմտյան վեկտորի շարունակման
պարագայում, և Իրանի հետ Հարավային Կովկասը «на троих», առանց դրսի ուժերի տնօրինելու
վրա:
Փաշինյանի գեոպոլիտիկ
ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ, ինչպես, օրինակ, «ՀԱՊԿ չգնացի,
որ չլեգիտիմացնեմ ադրբեջանական օկուպացիան» բանաձևը: Գուցե Հ1-ի կողմից ուղեղների լվացման
զոհ դարձող մի շերտի վրա դա ազդեցություն ունի, բայց քիչ թե շատ բանական շրջանակները,
հատկապես՝ դրսում, շատ լավ հասկանում են, որ դա «փրփուր է»: Նախ, Փաշինյանը վերջին
շրջանում բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերը, որոնք բացարձակ կապ
չունեն անվտանգային հարցերի հետ:
Եվ, ամենակարևորը,
Փաշինյանը վաղուց լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ՝ շարունակելով Ալիևի
բանակցություններն ադրբեջանական ագրեսիայի ամեն նոր ալիքից հետո՝ սկսած 2021թ. մայիսից
առ այսօր:
Ինչպես տեսնում ենք,
բոլորը, բացի մեզանից, մտածում են իրենց շահերի մասին: Իսկ մենք շարունակում ենք սիրել
ականջներով, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչով ենք մտածում:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
17.11.2023թ.