16 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-Հայաստան լարված հարաբերությունների իրական պատճառները

ՀԱՊԿ-Հայաստան լարված հարաբերությունների իրական պատճառները

ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի ունեցած մտահոգությունները փարատելու նպատակով Մոսկվան Երևանին առաջարկել է անցկացնել գերատեսչությունների միջպետական խորհրդակցություններ․ հայտարարել է Ռուսասատանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը, տարբեր կերպ սաբոտաժի էր ենթարկում ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ չմասնակցելով այս կառույցի գագաթաժողովներին, և չստորագրելով անվտանգության խորհրդի որոշումները։ Հայաստանի իշխանավորներն էլ, սկսած Փաշինյանից, վերջացրած տարբեր տրամաչափի պաշտոնյաներով, բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և մասնավորապես Ռուսաստանին՝ իրենց պարտականությունները չկատարելու համար։

Այս բոլոր գործընթացները վկայում էին այն մասին, որ մի կողմից Հայաստանի, մյուս կողմից ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում գոյություն ունի խորը ճգնաժամ։ Այն ավելի ակնհայտ դարձավ, երբ  Նիկոլ Փաշինյանը «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել։ Ուստի Երևանը գործնականորեն սառեցրել է իր անդամակցությունն այս միջազգային կառույցին։

 

Դատելով ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը վարկաբեկող նպատակաուղղված քայլերից՝ որոշ տեսաբաններ կարծում են, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հեռացնելու մտադրություն ունեն։ Որոշ արևմտամետ վերլուծաբաններ էլ իրենց աջակցությունն են հայտնում այս գործընթացներին, ընդգծելով, որ Հայաստանին անհրաժեշտ են ավելի հուսալի գործընկերներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն։ Իսկ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը ունեն հակահայ դիրքորոշում և չեն կատարում իրենց պարտականությունները։ Սակայն, այստեղ է, որ օրինաչափ հարց է առաջանում` ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը։ Անկախ փաստից, տվյալ պետությունը ՀԱՊԿ-ի անդամ է, թե ՆԱՏՕ-ի, նախ և առաջ հենց ինքն է իր սահմանների համար առաջին պատասխանատուն, և հետո նոր միջազգային կազմակերպությունը, որին անդամակցում է տվյալ պետությունը։ Եթե երկիրը չպատերազմի իր իսկ տարածքները պաշտպանելու համար, ապա, միջազգային կառույցը, որին անդամակցում է այդ երկիրը, առավել ևս պարտավոր չի լինի դա անել։ Այս փաստի ապացույցն է «Ֆոլկլենդյան» հակամարտությունը։ Երբ Արգենտինան ներխուժեց Մեծ Բրիտանիային պատկանող այս կղզիներ, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն վերջինիս ցուցաբերեցին  նյութական օգնություն։ Բայց, Ֆոլկլենդյան կղզիները ազատագրվեցին բացառապես բրիտանական զինված ուժերի միջոցով։ Եթե Բրիտանիան ունենար դժվարություններ, հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն այնտեղ ուղարկեր որոշակի քանակությամբ արագ արձագանքման ուժեր։ Սակայն, կղզիները Բրիտանիայինն էին, և հետևաբար դրանց ազատագրման հիմնական բեռը պետք է կրեր Լոնդոնը։ Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի դեպքում։ Երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք և զավթեց Սև լճի արևելյան ափը և մի շարք բարձրունքներ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց, որ մի քանի «սառած գագաթի» և, ինչ-որ «սև ջրի» համար չի պատրաստվում պատերազմ սկսել։ Սրանից բացի, եղել են մի շարք այլ, ոչ կոմպետենտ հայտարարություններ։ Բայց միայն սա բավարար է, որպեսզի ՀԱՊԿ-ը ունենա լեգիտիմ իրավունք չմիջամտելու հայ-ադրբեջանական զինված գործընթացներին։

Կա նաև ոչ այքան տարածված տեսակետ, որի համաձայն ՀԱՊԿ-ից դուրս գալը, ինքն իրենով լավ որոշում կարող է լինել, եթե, իհարկե, դրանից հետո Հայաստանի իշխանությունները վարեն ոչ բլոկային քաղաքականություն։ Այս տեսակետի կողմնակիցները հավատացած են, որ ոչ բլոկայնությունը կօգնի Հայաստանին չներքաշվել հակադիր աշխարհաքաղաքական բևեռների հակամարտության մեջ և պահպանել չեզոքություն։ Պետք է փաստել, որ սա հնացած մոտեցում է։ Քանի որ, սկսված ժամանակակից համաշխարհային պրոցեսները, անկախ մեր ցանկությունից, դիպչելու են մեր երկրին։ Եվ, այս պատճառով է, որ նախկինում, առերես, ոչ բլոկային քաղաքականություն վարած փոքր, մասնագիտացված և հաջողակ երկրները, ինչպիսիք են Շվեդիան և Ֆինլանդիան, հիմա վարում են ակտիվ բլոկային քաղաքականություն։ Միայն այս կամ այն բլոկին պատկանելով, դաշնակիցներ ունենալով է հնարավոր՝ դիմակայել՝ գնալով բարդացող միջազգային քաղաքական պրոցեսներին։ Եվ այս տեսանկյունից, ներկա պահին Հայսատանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին տրամաբանական է և կարևոր, հենց թեկուզ միայն էժան զենքի որոշակի աղբյուր ունենալու պատճառով։

Որոշ քաղաքական մեկնաբանների կարծիքով էլ, Հայաստանի ներկայիս իշխանությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու ոչ մի մտադրություն չունեն։ Որպես իրենց տեսակետի ապացույց, այս մեկնաբանները առաջ են քաշում ՀԱՊԿ քարտուղարի այն հայտարարությունը, ըստ որի, պաշտոնական Երևանից երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ  որևէ դիմում չի եղել։ Քարտուղարությունից նաև հավանական էին համարել, որ Հայաստանի անդամակցության սառեցման թեզը վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն։ Այս հայտարարությունը հիմք ընդունելով՝ վերլուծաբանները նշում են, որ ՀԱՊԿ երկրների մեծ մասը պարզապես ցանկություն չունի ռուս-ուկրաինական պատերազմում կամ Արևմուտք և Ռուսաստան գլոբալ հակամարտությունում դիրքավորվել որևէ կողմում։ Եվ, ըստ էության, Հայաստանը բացառություն չի։ Հայկական կողմի այս պահվածքը կարելի է բացատրել նրանով, որ Երևանը փորձում է զերծ մնալ այսօրինակ քննարկումներից, խուսափել պատասխանատվությունից, թեկուզ և՝ ՀԱՊԿ-ի հավաքները և որոշումները սաբոտաժի ենթարկելով։ Բայց, հարկ է նշել, որ, այս պնդումները կասկած են առաջացնում, քանի որ, Հայաստանը, շարունակելով անդամակցել ՀԱՊԿ-ին, չի կարող ամբողջությամբ զերծ մնալ առկա գործընթացներից։ Ի վերջո, ՀԱՊԿ-ում հարցեր բարձրացվելու դեպքում, հնարավոր չի լինի անվերջ խուսափել դիրքորոշում արտահայտելուց։

Միակ հանգամանքը, որը կարող է բացատրել Հայաստանի իշխանությունների այս պահվածքը, դա այն է, որ Փաշինյանը ուղղակի զբաղված է պարզունակ քաղաքական առևտրով՝ իր իշխանության շարունակականության  երաշխավորողներ գտնելու համար։ 44 օրյա պատերազմի հետևանքով երերուն դարձած իր իշխանությունը պահելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը հիմա երաշխավորներ է փնտրում Արևմուտքում։ Բայց չի բացառվում, որ այնտեղ օգտագործվելուց և դեն նետվելուց հետո, Փաշինյանը դառնա ընդգծված ռուսամետ, և հիմա էլ այստեղ փնտրի երաշխավորներ։ Հենց այս պատճառով է, որ Փաշինյանը նպատակաուղղված վարկաբեկում է ՀԱՊԿ-ը, բայց գործուն քայլեր չի ձեռնարկում Հայաստանի անդամակցությունը այս կառույցում կասեցնելու համար։ Սա գիտակցում են նաև ՀԱՊԿ-ում, այդ իսկ պատճառով, այս կառույցի անդամ երկրների առաջին դեմքերի մակարդակով, չկա Փաշինյանի հանդեպ բացարձակ կոշտ քննադատություն։

Այսպիսով, Փաշինյանը հնարավորություն ունի բոլորին վաճառել Հայաստանի շահը, և սա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից։ Արևմուտքին ձեռնտու է, որովհետև հնարավորություն է ունենում օգտագործել Հայաստանը, որպես փոխանակման մանրադրամ։ Իսկ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն էլ, Փաշինյանի այս վարքագիծը օգտագործելով, կարողանում են առանց իրենց հեղինակությունը վարկաբեկելու, խուսափել Հայաստանի հանդեպ իրենց պարտավորություններից։ Արևմուտքի կողմից օգտագործվելուց հետո էլ, Հայաստանը ստիպված կլինի ավելի հնազանդ և իրավազուրկ պայմաններում գոյատևել Ռուսաստանի կողմից ղեկավարվող քաղաքական բլոկներում։     

 

Աշոտ Բարեքյան