Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները և հուշարձանները։ Այս մասին գրում է Արցախի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոս, կովկասագետ Հովիկ Ավանեսովը։
«Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- գրում է Ավանեսովը։