Ֆրանսիան դեմ է Ուկրաինայից գյուղմթերքի ներկրման ազատականացված ռեժիմին․ Politico
Ֆրանսիան միացել է Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներկրումը սահմանափակելու Լեհաստանի կոչերին, ինչը վտանգ է ներկայացնում ԵՄ–ի շրջանակներում Կիևի հետ ազատ առևտրի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ առաջիկա բանակցությունների համար․ գրում է Politico թերթը՝ վկայակոչելով երեք անանուն եվրոպացի դիվանագետների:
Politico-ն ավելի վաղ գրել էր, որ մարտի 19-ին բանակցություններ պետք է տեղի ունենան Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև՝ նպատակ ունենալով փոխզիջում գտնել ուկրաինական ապրանքների ներկրման հարցում։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովը 1,2 միլիարդ եվրո է գնահատում Ուկրաինայի հնարավոր կորուստները առևտրային օգուտների կորստից։ Դիվանագետներից մեկն ասել է, որ «Եվրամիության այն երկրները, որոնք ամենամեծ աջակցությունն են ցուցաբերում Ուկրաինային, նաև ամենամեծ վնասն են հասցնում նրան»։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի անդամները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի առաջարկած նախագծի շուրջ, որով նախատեսվում է մինչև 2025 թվականի հունիսի 5-ը երկարաձգել Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը ԵՄ։