Երևանը բացառապես քաղաքական դրդապատճառներով է վավերացրել Հռոմի ստատուտը․ Զախարովա
Հայաստանը բացառապես
քաղաքական դրդապատճառներից ելնելով է վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի
ստատուտը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Երկկողմ խորհրդակցությունների
ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի
վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է,
որ նման պրակտիկա կա: Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումները անտեսվեցին՝
չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես ՄՔԴ-ի միջոցով Արևմուտքի կողմից սանձազերծված
հակառուսական քաղաքականության ֆոնին։ Երևանը, զուտ քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիվ,
որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ եթե
Երևանում շարունակում են շահագրգռված մնալ «իրենց իսկ ձեռքով» ստեղծված խնդիրների լուծման
մեջ, ապա ռուսական կողմի կարծիքով «դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական
համակարգի շրջանակներում»։