25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը դատի կտա Դանի Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու համար

Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը դատի կտա Դանի Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու համար

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի
դիվանապետ Աղան Գոգչյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունն առ այն, որ
2023 թվականի նոյեմբերի 6-ին փաստաբան Կլագսբալդից նամակ է ուղարկվել Arnon ընկերության
փաստաբան Աբարբանելին, որում միանգամայն զրպարտչական հայտարարություն է արվել Գերաշնորհ
Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի հասցեին։

 Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Կորյուն եպիսկոպոսին վերագրվող կեղծ մեջբերման
համաձայն՝ սրբազանը 2023 թվականի նոյեմբերի 5-ին Դանի Ռոթմանին է փոխանցել Հայկական
Այգիների տարածքը։ 2023 թվականի նոյեմբերի 7-ին իսրայելական հանրահայտ լրատվամիջոցներից
մեկը՝ Y-net-ը, հոդված է հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ զրպարտչական նամակին։

 «Այն բանից հետո, երբ
հայ համայնքի անդամները դիմեցին լրագրողին՝ բողոքելով հոդվածի միակողմանիությունից
և լրագրողական ազնվության բացակայությունից, քանի որ լրատվամիջոցը երբեք չէր կապվել
սրբազանի հետ՝ զրպարտչական հայտարարությունները հաստատելու կամ հերքելու համար, հոդվածը
խմբագրվեց և զրպարտիչ հայտարարությունները հեռացվեցին։ Դանի Ռոթմանը, օգտագործելով
շինծու հայտարարությունը, նույնպես բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որտեղ
Կորյուն եպիսկոպոսը կանչվել է հետաքննության։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտարարում
է, որ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանին վերագրվող բոլոր հայտարարությունները կեղծ են,
և որ Դանի Ռոթմանը լիովին մտադիր է արատավորել Կորյուն եպիսկոպոսին։ Չնայած այն հանգամանքին,
որ պարոն Ռոթմանը 2023 թվականի նոյեմբերի 5-ին սրբազանի հետ խոսելու մի քանի փորձ է
կատարել, այդուհանդերձ վերջինս ոչ մի անգամ խոսք չի փոխանակել նրա հետ»,- գրել է Գոգչյանը:

 Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետի տեղեկացմամբ՝
Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը պատրաստվում է դատի տալ Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու
համար։