Իսրայելի վրա հարձակումները կդադարեցվեն, եթե նա վերջ տա Գազայի ցեղասպանությանը. Իրանի ԱԳ նախարար
Իսրայելի վրա հարձակումները կդադարեցվեն, եթե նա դադարեցնի ցեղասպանությունը
Գազայի հատվածում. այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն
Ամիր-Աբդոլլահյանը՝ Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ հանդիպման
ժամանակ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անդրադառնալով՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի և Կատարի կառավարության
ներկայացուցիչների հետ իր հանդիպումներին, նախարարը ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է քայլեր
ձեռնարկել քաղաքացիական գերիների ուղղությամբ, և եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի ցեղասպանությունը
Գազայի հատվածում, դիմադրության խմբերը նույնպես կդադարեցնեն հակահարձակումները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ
Դանիել Հագարին հայտնել է, որ Գազայի հատվածում առնվազն 242 պատանդ է պահվում։
Նոյեմբերի 10-ին Al Hadath հեռուստատեսությունը հաղորդել էր, որ
պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի
կանանց և դեռահասներին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող 100 կանանց և երեխաների հետ։
Իսկ արդեն նոյեմբերի 15-ին ABC-ն, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան
պաշտոնյայի, հաղորդել է, որ պատանդներին ազատ արձակելու մասին գործարքը կարող է հայտարարվել
առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում: